ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Ընտանեկան բռնության դեմ պայքարը դրոշակ դարձրած

Ընտանեկան բռնության դեմ պայքարը դրոշակ դարձրած
23.12.2016 | 20:57

Վերջին տարիներին Հայաստանում ակնհայտորեն շահարկվում է մեր ընտանիքներում կատարվող բռնությունների հարցը, որն արհեստականորեն ուռճացվում է, դարձվում մի մեծ, գրեթե համաշխարհային հիմնախնդիր: Նույնիսկ նոր հասկացություն է ասպարեզ բերվել` «ընտանեկան բռնություն»: Ինչո՞ւ:

Մեր երկրում ընտանեկան բռնության, Արևմուտքի համեմատ, խիստ սակավ դեպքերն արհեստականորեն լուրջ հիմնախնդիր ներկայացնելը, ինչի համար հայաստանյան որոշ ՀԿ-ներ Արևմուտքից առատորեն ֆինանսավորվում են, նպատակ ունի ապահովելու հենց այն շինծու հիմնավորումը, որ պետք է ընդունել հատուկ կամ առանձին օրենք` ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին: Ընդ որում, խոսքը եթե չասենք Արևմուտքի պահանջով, ապա արևմտյան խորհրդատվությամբ կամ բաղադրատոմսերով այնպիսի օրենքի մասին է, որի թիրախը մեր ընտանիքներն են, վերջնական նպատակը կամ, «լավագույն դեպքում», հետևանքը` ամուսնալուծությունների խթանումը, ընտանիքի անդամների` միմյանցից օտարումը, մեր հասարակության բջիջներն ու պետության հիմքը հանդիսացող հայկական ընտանիքների քայքայումը:


Արդարադատության նախարարությունը վերջերս իր կայքում զետեղեց հենց վերոնշյալ հետևանքներով վտանգավոր «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը, ապա, կտրուկ քննադատության հանդիպելով, իր մշակած կամ արևմտյան օրենսդրությունից էապես պատճենահանված այդ նախագիծը հանեց կայքից:
Հիշյալ նախագիծը գնալով դառնում է նորանոր քննադատությունների թիրախ: Այսօր «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում, խոսելով այդ օրենքի ընդունման դեպքում մեր ընտանիքներին սպառնացող վտանգների մասին, գրող, հրապարակախոս ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ հույս փայփայեց, որ Եվրոպայից, Ամերիկայից պատճենահանված հիշյալ օրենքի հեղինակներն այդ բոլոր վտանգները չեն գիտակցում:


«Վտանգավոր բան է,- շարունակեց Լ. Ավետիսյանը,- և մենք պետք է շատ զգուշավոր լինենք, որպեսզի մեր ընտանիքներին դա չհասնի, որովհետև հայկական ընտանիքը մի կուռք ունի. հայն աստվածապաշտ է, թե ասվածապաշտ չէ, բայց մանկապաշտ է, և Հայաստանը միշտ եղել է և կա բացառություն` ընտանիքում երեխաների նկատմամբ մեծագույն սիրո: Եվ հանկարծ` անուն են հանում, թե հայն ընտանիքում բռնություն է անում: Ցանկացած բռնություն ունի սոցիալական հիմք, ցանկացած զայրույթ ընտանիքում մշտական չէ: Սոցիալական հիմքը թե՛ հարբեցողության, թե՛ թմրամոլության, թե՛ խաղամոլության, իհարկե, մշտական աշխատանքի բացակայությունն է, տղամարդու անհույս մնալը»:


Հետևաբար, նախևառաջ, պետք է պատճառների դեմ պայքարել, ընտանիքում բռնության դեպքերի պատճառները վերացնել: Գրողը հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ արտասահմանից մի հայ կին եկավ, աղջիկներին հավաքեց, տարան կարմիր խնձորը թաղեցին, ասաց` սա ի՞նչ կարծրատիպ է, կարմիր խնձորը որն է…
«Հետո,- շարունակեց մամուլի ակումբի հյուրը,- սկսեցին մյուս կարծրատիպերը քանդել, բայց մեծագույն կարծրատիպն ընտանիքն է, և հիմա էլ ընտանիքի մեջ այդ սեպը մտցնելով, ընդհանրապես ուզում են կոտրել, բայց եկեք հասկանանք: Մարքսն ասում էր` ընտանիքը հասարակության բջիջն է: Այն ավելին է` ընտանիքը պետության հիմքն է, պետության բնօրինակն է: Պետությունը պատճենահանվել է հայկական ընտանիքից, և հիմա քանդելով ընտանիքը, մենք քանդելու ենք պետությունը: Մի պետություն, որը պատերազմի մեջ է, մի պետություն, որի հարևանը` Ադրբեջանը, ունի բազմանդամ ընտանիքները խթանելու, նրանց խրախուսելու օրենք, մենք չունենք: Թուրքիան ունի, մենք չունենք: Մենք բազմանդամ ընտանիքներին չենք օգնում, բազմանդամ ընտանիքներից գրեթե բոլորն աղքատ են ըստ հաշվետվությունների, բայց, փոխանակ նրանց օգնենք, օգնում ենք ինչ-որ տարօրինակ բիզնեսմենների, որոնք ուզում են փող դնել և այստեղ ապաստարան սարքել երեխաների համար»:


Նշելով, որ աշխարհն այսօր շատ դաժան է, մեր հարևանությամբ դեսպան են սպանում, ոչ հեռու` Սիրիայում, արդեն 6 տարի պատերազմ է, հենց մեր սահմաններում պատերազմ է, մենք պատերազմի մեջ ենք, առավել մեծ վերջին բախումը եղավ ապրիլին, բանախոսն ասաց, որ այս իրավիճակում հիշյալ օրենքն ընդունելով, մենք ուզում ենք ապագա զինվորներին ընտանիքներից խլել, գրողի ծոցն ուղարկել:
«Սա ազգային անվտանգության հարց է, կարծում եմ, որ օրենքի նախագիծն առաջ տանողները թշնամու գործակալներ են»,- ասաց Լ. Ավետիսյանը և հայտարարեց որ նրանք հիմնավորումներ չունեն այդ օրենքի ընդունման համար, Հայաստանը, ըստ վիճակագրության, ամենաապահով երկիրն է, հայաստանյան ընտանիքներում կատարված բռնության դեպքերի տոկոսը, երկրի բնակչության քանակի համեմատ, 46 անգամ ավելի քիչ է, քան Մեծ Բրիտանիայում:
Մամուլի ակումբի հյուրի տեղեկացմամբ, այսպիսի օրենք ունեցող եվրոպական որոշ երկրներում նույնիսկ դպրոցից են երեխային տանում, ծնողը սպասում, սպասում է, հետո պարզվում է, որ երեխային տարել են, որովհետև դպրոցի հոգեբանը հարցուփորձ է արել, երեխան ասել է, որ ուզում է առավոտյան քաղցր ուտել, իսկ իրեն ստիպում են հաց ու պանիր ուտել: Այսպիսի բազմաթիվ անհեթեթ դեպքեր կան: Ովքե՞ր են այն աշխատողները, որոնք պետք է տանեն, պահեն երեխաներին, նրանք այդ երեխայի ծնողներից ավելի լա՞վ են նայելու նրան:


«Լավն է մաման, վատն է մաման, պապան լավն է, վատն է, նրանցից լավը չի լինելու, երեխային իր ծնողական մտերմությունից կտրում են, ի՞նչ են ստանում»,- ասաց Լիա Ավետիսյանը:
Գրողը պատմեց լիբանանահայ, ամերիկաբնակ, այնտեղ բարձր պաշտոնի հասած իր ծանոթուհու հետ ԱՄՆ-ում կատարված մի դեպքի մասին.
«Երեխա էր ունեցել, բարուրելու ժամանակ շուռ էր եկել, որ պամպերսը վերցնի, երեխան ընկել էր սեղանից, ոտքը դուրս էր ընկել, փորձանք: Մորը 2 ամիս բանտում պահեցին, ամբողջ հարևանությանը հարցուփորձ արեցին, երեխային էլ անջատեցին մորից, եթե ինքն այդքան հայտնի փաստաբան չլիներ, այդպես էլ կմնար, ուղղակի հետո կարողացավ 2 ամիս հետո երեխային հետ բերել»:


Ըստ Լ. Ավետիսյանի, եթե մարդուն ինչ-որ բանում մեղադրում են, ապա արդարադատության մեջ ընդունված է` ապացուցել, որ նա մեղավոր է, մինչդեռ այս պարագայում այդ սկզբունքը շուռ է տրված` մարդն իրեն պետք է կոտորի, փորձի ապացուցել, որ ինքն անմեղ է. սա արդարադատության, մարդկային հարաբերությունների հիմքն է քանդում, չի կարելի այդպիսի բան անել:
«Այնքան ակնհայտ է, որ փող են ստացել ու պետք է այդ փողն արդարացնեն, այստեղ ուրիշ բան չկա, սա Հայաստանին չվերաբերող, մտացածին պրոբլեմ է»,- եզրահանգեց գրողը:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութ

Քանդելով ընտանիքը՝ քանդելու են պետությունը
Դիտվել է՝ 8465

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ